Հասարակություն

Առաջարկվում է ձևավորել ԵՄ պահանջներին բավարարող հանձնաժողով

Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման շրջանակում արդարադատության ոլորտի՝ ՀՀ կառավարության կողմից նախանշված բարեփոխումների վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ:

«Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր գործառույթներից են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցերը, մասնավորապես, խորհրդարանական վերահսկողությունը, գործողությունների կիրարկմանն աջակցելը: Այս շրջանակում նախատեսվում են հանդիպում-քննարկումներ ոլորտային կառույցների հետ՝ ընթացիկ աշխատանքներում հաղորդակցությունը պահպանելու, կարիքների գնահատման գործընթացին աջակցելու, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցելու համար»,- ասել է Մերի Գալստյանը:

«Նախարարությունը ծավալուն աշխատանք է կատարել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունների ու մոտարկման ենթակա իրավական ակտերի փորձաքննությունների համատեքստում»,- ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը՝ ներկայացնելով մանրամասներ ճանապարհային քարտեզի ընդհանուր կատարված գործողությունների վերաբերյալ:

Մասնավորապես՝ ներկայացվել են Ընտրական, Քրեական, Քրեական դատավարության մասին օրենսգրքերում կատարված փոփոխությունների, հակախտրականության կարգավորումների մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախատեսված Հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանն ու ընդունմանը, դատաիրավական բարեփոխումներին և դրանցից բխող ռազմավարության ընդունմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, քրեակատարողական հիմնարկներում պայմանների բարելավմանը, տեղեկատվության ազատության ոլորտում բարեփոխումների, անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող գործողությունների ուղղությամբ կատարված և իրականացվելիք աշխատանքներին: Կարևորելով անձնական տվյալների պաշտպանության ոլորտը՝ նախարարի տեղակալը նշել է, որ այս մասով նախարարությունն առաջարկում է ձևավորել ԵՄ պահանջներին բավարարող համանուն հանձնաժողով:

Անդրադառնալով աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրներին և խոչընդոտներին՝ նախարարի տեղակալը մատնանշել է կարողությունների զարգացման, ԵՄ իրավական համակարգից առցանց օգտվելու, ԵՄ օրենսդրության մոտարկման, փորձաքննություններ իրականացնելու ժամկետների հարցերը, ինչպես նաև ընդգծել յուրաքանչյուր ծրագրին համապատասխան վերապատրաստման դասընթացների անցկացման անհրաժեշտությունը: Մերի Գալստյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքները հանգամանալից ներկայացնելու համար: