Ապրիլի 24-ին Փարիզի սրտում, Սենա գետի երկայնքով տեղակայված Հայաստանի էսպլանադում, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուի մասնակցությամբ, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն։
Միջոցառման մեկնարկին, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Կոմիտաս վարդապետի արձանի առջև ծաղկեպսակներ զետեղեցին վարչապետ Ֆրանսուա Բայրուն, նախկին վարչապետ Գաբրիել Ատալը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Սենատի նախագահ Ժերար Լարշեի անունից՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Էրվե Մարսելը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները և պետական ու համայնքային այլ գործիչներ։
Հաջորդիվ, ֆրանսահայ համայնքին ուղղված ելույթներով հանդես եկան CCAF-ի համանախագահները, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն և վարչապետ Ֆրանսուա Բայրուն։
Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին տասնյակ ֆրանսիացի պաշտոնյաներ՝ Ֆրանսիայի կառավարության անդամներ, պատգամավորներ, սենատորներ, ռեգիոների և դեպարտամենտների խորհուրդների անդամներ, քաղաքապետեր, ինչպես նաև՝ Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։
Արարողության ավարտից հետո տեղի ունեցավ ավանդական երթը՝ բազմաթիվ ֆրանսահայերի մասնակցությամբ։