Հասարակություն

«Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը». Կաթողիկոս

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հոգևորականների ուղեկցությամբ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ, աղոթել անմար կրակի մոտ։

Լրագրողների հետ ճեպազրույցում Վեհափառը այսօր հայտարարել է՝ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը` Արցախում մեր ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում։

«Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքում մեր հոգևորականների և մեր զավակների հետ միասին աղոթք բարձրացրինք առ Աստված, որ Տերը զորացնի մեր ժողովրդին` իր հոգու ցավն ու տառապանքը ուժի վերածելու, հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը, կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը։ Թող Աստված օգնական ու պահապան լինի ազգիս, հայրենաշինության իր առաքելության նվիրական ճանապարհին»,- ասել է նա։