Հասարակություն

Կհստակեցվեն 3 ոլորտների որակավորումների շրջանակների հիմնական բնութագրիչները

Գործադիրն ընդունել է որոշում՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ օրենքը կարգավորում է մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգի գործունեությունը, կառավարումը և ֆինանսատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև դրանց մասնակիցների, այդ թվում՝ սոցիալական գործընկերների իրավունքներն ու պարտականությունները՝ ապահովելով անհատի մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի իրացումը։

Նոր օրենքի համաձայն մասնագիտական կրթական ծրագրերը կազմվում են Որակավորումների ազգային շրջանակի և Ոլորտային որակավորումների շրջանակների պահանջներին համապատասխան: «Մասնագիտական կրթության Ոլորտային որակավորումների շրջանակ» հասկացությունը նորույթ է գործող ՄԿՈՒ համակարգում, սակայն դրա կիրարկումը կբերի փոփոխություններ ամբողջ համակարգում, հատկապես մասնագիտական կրթության և ուսուցման բովանդակության շրջանակում:

Ոլորտային որակավորումների շրջանակների կիրարկումը կնպաստի ՄԿՈՒ մրցունակության բարձրացմանը, մասնագիտական հմտությունների համակարգված զարգացմանը: Որոշման ընդունման արդյունքում՝ կանցկացվի ոլորտային որակավորումների շրջանակների վերաբերյալ կազմակերպված աշխատաժողով, որին կմասնակցեն շուրջ 70 մասնակիցներ՝ ՏՀՏ, թեթև արդյունաբերության և շինարարության ոլորտների ներկայացուցիչներ, ՄԿՈՒ քաղաքականություն մշակողներ և կրթական ծառայություններ մատուցողներ, միջազգային և տեղական փորձագետներ, որտեղ կհստակեցվեն 3 ոլորտների որակավորումների շրջանակների հիմնական բնութագրիչները:

Կմշակվի «Ոլորտային որակավորումների շրջանակի մշակում. մեթոդաբանություն և նկարագրիչներ» դասընթացավարների վերապատրաստման դասընթացի մոդուլ: Կվերապատրաստվի առնվազն 30 փորձագետ-դասընթացավար, որոնք իրենց հերթին հետագայում կվերապատրաստեն ՏՀՏ, թեթև արդյունաբերության և շինարարության ոլորտների որակավորումների շրջանակը մշակող-փորձագետներին: