Հասարակություն

Հայաստանում Չինաստանի դեսպանատունը հերքում է

Հայաստանում Չինաստանի դեսպանատունը պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը ոչ մի հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին, և վերջին ժամանակահատվածում այդ թեմայով տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

«Չինաստանի՝ Հայաստանի նկատմամբ վարվող արտաքին քաղաքականությունը հետևողական է և հստակ՝ մենք աջակցում ենք հայկական կողմի ջանքերին՝ ուղղված ազգային անկախության, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանմանը։

Չինաստանը պատրաստ է շարունակել խորացնել բարեկամական և համագործակցային հարաբերությունները Հայաստանի հետ, համատեղ առաջ մղել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության բարձրորակ իրականացումը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Ավելի վաղ թուրքական Turkiye Gazetesi-ն գրել էր, որ Հայաստանում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը հայտարարել էր, որ Չինաստանը պատրաստվում է բացել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության նոր գլուխ՝ Հայաստանի մասնակցությամբ։ Այդ նպատակով Պեկինը և Երևանը շուտով համաձայնագիր կստորագրեն տրանսպորտի ոլորտում։