Հասարակություն

209 մլն դրամ՝ անհուսալի վարկեր ունեցողների համար

Կառավարությունը ֆինանսական միջոցներ կհատկացնի Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառմանը: Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, որոշման նպատակն է ապրիլ և մայիս ամիսների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապահովել: Առաջարկվում է 2-րդ եռամսյակում վճարումներ կատարելու համար հատկացնել 209 մլն դրամ: «Հիշեցնեմ, որ միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված են «անհուսալի» դասով, և միևնույն ժամանակ մայր գումարի գծով պարտավորությունը կամ պարտավորությունները չեն գերազանցում 1 մլն դրամը: Աջակցությունը տրվում է շահառուի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի 100 տոկոսի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը: Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելու հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը»,- ասել է Տաթևիկ Ստեփանյանը:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ դիմումների ընդունման ժամկետը՝ գործընթացի մեկնարկը սահմանված է եղել 2025 թվականի փետրվարի 1-ը, վերջնաժամկետ՝ 2026 թվականի հունվարի 31-ը: Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ այս պահի դրությամբ 9630 դիմումից բավարարվել է 3594-ը: Մարտին վճարվել է փետրվարին դիմած և հաստատված 1896 անձի համար աջակցությունը, որի դրամական չափը 70 մլն դրամ է: Մարտին դիմել և շահառու է դարձել ևս 1072 անձ, որոնց համար հետագա վճարումը կկատարվի այս ամսվա վերջին: Արդյունքում՝ կլինի 2968 անձ՝ որպես ծրագրի շահառու, փետրվար-մարտ ամիսների համար վճար կստանա:

Ըստ փոխնախարարի՝ պոտենցիալ շահառուների թիվը 218 հազար է, մինչև 1 մլն դրամ ունեցող վարկային բեռի թիվը՝ 168 մլրդ դրամ. «218 հազար անձից մոտավորապես 40 600–ը ծրագիրը մեկնարկելու դրությամբ ունեցել է զբաղվածություն: Մենք դիտարկում ենք, որ 2026 թ. հունվարի 31-ին, առնվազ 90 հազար անձի ևս կկարողանանք ներգրավել այս ծրագրի շրջանակում: Եվ մենք կունենանք 218 հազար նախանշված թիրախ խմբից՝ առնվազն 60 տոկոսի ներգրավում»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրի վերաբերյալ իրազեկվածության պատշաճ ապահովումը։ Վարչապետը լավ նորություն է համարել փոխնախարարի ներկայացրած այն ցուցանիշը, որի համաձայն՝ միջոցառմանը դիմած շահառուներից 680-ն առաջին անգամ է մտել աշխատաշուկա: Այսինքն՝ նրանք նախորդող ամսին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն, ինչը թվային ցուցանիշների մեջ կազմում է 22 տոկոս:

Թեմայի առնչությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է՝ պետք է խնդրել բանկերին, որ ավելի ինտենսիվ կապ կազմակերպեն շահառուների հետ, քանի որ ծրագիրն ունի դուալ արդյունք՝ բանկերն էլ են դրանից եկամուտ ստանում: Ըստ փոխվարչապետի՝ բանկերը հիմա պետք է զանգեն իրենց այդ հաճախորդներին, ստանդարտ ձևեր սահմանեն, արագ այդ գործարքները նորացնեն: