Հասարակություն

«Ընդունված է ճոռոմ բառեր ասել և կենացներ խմել». Արարատ Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վաղուց ժամանակն է, որ մենք շատ բարձրաձայն խոստովանենք՝ Հայաստանում կա խտրականություն կանանց նկատմամբ, և, ավելին ասեմ, ՀՀ-ում կա բռնություն կանանց նկատմամբ. այսօր Կառավարության նիստում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Սովորաբար ընդունված է ասել, որ դա կա մարզերում, բայց դա կա նաև Երևանում։ Սա այն դեպքերից է, որ սեղանների շուրջ ընդունված է ճոռոմ բառեր ասել և կենացներ խմել, օրինակ, այս դեպքում, կանանց մասին, բայց իրական կյանքում ճիշտ հակառակ վերաբերմունքը ցույց տալ կանանց»,- նշեց Միրզոյանը։ 

Նրա խոսքով՝ Կառավարությունը պետք է հատու, անողոք պայքար մղի ընտանեկան բռնության դեմ և հստակ գործիքներ մշակի։ 

Փաշինյանն արձագանքեց. «Ֆիզիկական ներազդեցության բացակայությունը դեռևս չի նշանակում բռնության բացակայություն։ Բռնության միջավայր կա՝ մեծ հաշվով։ Ընդհանուր առմամբ՝ վերբալ բռնությունն էլ է բռնություն»։

Վարչապետը նշեց, որ զարմանում է այն սովորույթի վրա, որ փոքր տղաներին հայհոյանք են սովորեցնում. 

«Մեկ էլ տանը հյուրեր են հավաքվում, մարդիկ նորմալ շփվում են, մեկ էլ՝ արի, արի, ասա դե՝ տատիկին ինչ ես ասել»,- մեջբերեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ տեղի ունեցողն անհասկանալի է։