ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրության մոտ ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը տղաներին ուժեղացնելու ճանապարհ է, մինչդեռ հակառակն է․ «Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ուղիղ հակառակն է։ Քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է»,- ասել է նա։
Ըստ նրա՝ տղաներն այդպիսով թուլանում են բոլոր առումով. «Ինչքան մարդը քրեական ենթամշակույթին մոտ է, այնքան հեշտ կառավարելի է, այնքան անմրցունակ է ցանկացած ոլորտում. «Սա աքսիոմ է, տեսական թեզ չէ․ ես դա գիտեմ և՛ տեսականորեն, և՛ գործնականում, ու սա ֆունդամենտալ պրոբլեմ է»։
Նա հիշեցրել է, որ այցերի ժամանակ նկատել է՝ հիմնը դպրոցներում ու երգչախմբերում ավելի շատ աղջիկներն են կատարում, քան՝ տղաները. «Այ ստեղից է սկսվում։ Երգչախմբում երգել, աշխատախմբում աշխատել, դասարանում սովորել, բուհում սովորել։ Ո՞նց, գնացել եք բուհ, փոխանակ դուրս գաք, տեսնեք՝ ինչ կա, կողքի հայաթներում պրոցեսներ են գնում, դուք գնացել, լսարանում նստել եք։ Ու սկսվում է դեգրադացիան, դա հետո գնում է բանակ, հետո արտահայտվում բանակի գործունեության տարբեր ձևերում»։
Նա նշել է, որ այս պրոբլեմների հետ պետք է առերեսվել։