Հասարակություն

Քննվել է անչափահասների կողմից հանցագործությունների 478 քրեական վարույթ

Արթուր Պողոսյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 22-ի նիստում ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացնելով 2024 թվականի կառույցի գործունեության մասին հաղորդումը՝ նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ընդունվել է 69.415 հաղորդում, որից 58.085-ով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այսինքն, նախորդ տարվա համեմատ քննված քրեական վարույթների թիվն աճել է 12,5 տոկոսով:

Ըստ Արթուր Պողոսյանի զեկույցի՝ 2024 թվականի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 478 քրեական վարույթ, որից 167-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 311 վարույթ ընդունվել է 2024 թվականին: 478 քրեական վարույթից 60-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ: 145 ակտիվ վարույթ փոխանցվել է 2025 թվական:

2024 թվականին Քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 2.309 քրեական վարույթ, որից 761-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 1.548 վարույթ ընդունվել է 2024 թվականից:

Արթուր Պողոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով մանրամասներ որոշ վարույթների, կառույցներում հաստիքների համալրմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ: