Հասարակություն

Դատի է տրվել 175 հանրային ծառայող

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի` 2024 թվականի տարեկան գործունեության մասին հաշվետվությունը:

Արթուր Նահապետյանն անդրադարձել է նախորդ տարի քննված քրեական վարույթների և դրանց ընթացքի վերաբերյալ վիճակագրական տվյալներին՝ ընդգծելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեում հիմնականում քննվում են բարդ և բազմադրվագ վարույթներ, որոնցով քննիչները մեծածավալ աշխատանք են կատարում։

Կոմիտեի նախագահի խոսքով՝ 2024 թվականին քննված քրեական վարույթների թիվը 2023 թվականի համեմատ աճել է 465-ով կամ 25,5 տոկոսով, իսկ ավարտված վարույթների թիվը՝ 313-ով կամ 58,4 տոկոսով:

Անդրադառնալով դատարան ուղարկված քրեական վարույթներին՝ Արթուր Նահապետյանը նշել է, որ 2024 թվականին դատի է տրվել 175 հանրային ծառայող, այդ թվում՝ նախարարությունների, տեսչական մարմինների, Երևանի քաղաքապետարանի, համայնքապետարանների և մարզպետարանների աշխատակիցներ: