Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է հարկեր սահմանել հայոց պատրիարքարանի առևտրային գույքի վրա: Ներկայումս հարցը գտնվում է իրավական ընթացակարգի փուլում․ Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմի սփյուռքի հանձնակատարի գրասենյակից։
Գրասենյակից հետաքրքրվել էինք՝ ինչ փուլում է այժմ գործընթացը։
«Քաղաքապետարանի կողմից ներկայացված որոշումները պատրիարքարանի կողմից ենթարկվել են իրավաբանական քննության, և համապատասխան գործընթացները դեռ շարունակվում են: Քննարկվող հարկային պարտավորությունները առաջացել են երկարատև ժամանակահատվածի արդյունքում, և տարբեր հաշվարկների համաձայն՝ խոսքը զգալի գումարի մասին է: Խնդիրը դեռևս քննարկման փուլում է, և որևէ վերջնական գնահատական կամ հաստատված գումար ներկայումս հնարավոր չէ նշել»,- հայտնել են գրասենյակից։
Պատասխանում նշվում է, որ ՀՀ կառավարության լիազոր մարմինները մշտապես կապի մեջ են Երուսաղեմի հայոց պատրիարքարանի և համապատասխան գերատեսչությունների հետ՝ իրավիճակը շարունակաբար վերահսկելու և, ըստ անհրաժեշտության, համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով:
Նշվում է, որ պատրիարքարանի տնօրինության ներքո գտնվող գույքային միավորը բազմաբնույթ է՝ ներառելով թե՛ կրոնական, թե՛ համայնքային նշանակության կառույցներ, ինչպես նաև մի շարք օժանդակ գույք: Դրանք ընդգրկում են կրթական, բնակելի, և այլ հասարակական նշանակության շինություններ:
Հիշեցնենք, որ փետրվարին Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ արնոնայի (քաղաքապետարանի հարկի) հարցով:
Ինչպես հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը, նամակում պատրիարքը հորդորել է վարչապետին՝ միջամտել և դադարեցնել պատրիարքության դեմ քաղաքապետարանի գործողությունները, վերսկսել իր նշանակած կառավարական հանձնախմբի հանդիպումները՝ խնդրին լուծում գտնելու համար:
Երուսաղեմի քաղաքային իշխանությունները ցանկանում են բռնագանձել հայոց պատրիարքարանի գույքը՝ պատճառաբանելով, թե հոգևոր կառույցը 1994 թվականից չի վճարել իր տարածքի վարձակալությունից կուտակված հարկը։ Պատրիարքարանը պնդում է, որ քաղաքային իշխանությունների պահանջն անհիմն է։
Նշենք, որ Իսրայելում հայկական համայնքը մոտ 6000 է։