Հասարակություն

«Հրդեհային անվտանգության մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը  հարկ է համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ  «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում կատարվել են հետևյալ փոփոխությունները և լրացումները.

Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվել է հետևյալ կերպ․ «Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառումը կատարում է փրկարար ծառայությունը՝ ապահովելով Տեսչական մարմնի հասանելիությունը հաշվառվող տեղեկատվությանը։

Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կանոնները հաստատում է ՀՀ կառավարությունը»։

Օրենքի 20-րդ հոդվածի  2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ «հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար՝

ա. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցվում է կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը,

բ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցվում է շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները,

գ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցվում է շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումը»:

Օրենքի 20-րդ հոդվածի 2․1 կետի  համաձայն՝ Տեսչական մարմնի կողմից կայացված վարչական ակտերը ենթակա են անհապաղ կատարման։ Դրույթը վերաբերում է օբյեկտի շահագործումը (աշխատանքը) դադարեցնելու մասին վարչական ակտերին։

Օրենքն ընդունվել է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին, և  նշված փոփոխություններն ուժի մեջ են մտնում 2025 թ․ հունիսից։