Հասարակություն

Հայտարարագիր չլրացնելու համար կդատապարտվե՞ն, թե՞ ոչ

«Պատրաստվեք, հայտարարագիր չլրացնող քաղաքացիներին քրեական հետապնդումներ են սպասվում». ԱԺ արտահերթ նիստում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Սա փորձանք է լինելու ձեր գլխին, բայց սրա մասին իշխանությունները լռում են։ Իմ ձեռքի տակ է հայտնվել ՊԵԿ-ի պատասխանը, որտեղ գրված է. հարկային մարմնի կողմից կիրառվում են օրենսգրքի 165 հոդվածի սահմանված վարչական պատասխանատվության միջոցները, սակայն, հաշվի առնելով, որ նշված իրավախախտումների մասով դեռևս չեն սպառվել նույն հոդվածով սահմանված կատարման ենթակա բոլոր պատասխանատվության միջոցները, ինչը որպես պարտադիր պայման նկարագրված է քր. օրենսգրքի 444 հոդվածի դիսպոզիցիայում, ուստի եկամտահարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր ներկայացման պարտավորություն չկատարման դեպքով քրեական հետապնդման մարմիններին տվյալներ դեռևս չեն փոխանցվել»,- նշեց Խամոյանը՝ հավելելով, որ երեք ամիս է՝ չի կարող իրավապահներից ստանալ իր այդ հարցի պատասխանը։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, սակայն, ավելի ուշ ելույթ ունեցավ՝ հերքելով Խամոյանի հայտարարությունները. «Որ օրը որևէ ֆիզիկական անձ 444-րդ հոդվածով ազատազրկման կենթարկվի կամ կդատապարտվի, ես պատրաստ եմ այս ամբիոնից, եթե դեռ պատգամավոր լինեմ, եթե չլինեմ, ուրիշ ամբիոնից, հրապարակային ներողություն խնդրել։ Նույնն էլ ակնկալում եմ Ձեզնից»։