Հասարակություն

Հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա տղա. բժիշկներն արձանագրել են նրա մահը, կան վիրավորներ

 Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական վարչության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիների կողմից մահացած վիճակում «Միքայելյան վիրաբուժության կենտրոն» է տեղափոխվել անչափահաս տղա, գրում է Shamshyan.com-ը։

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ մահացածին հիվանդանոց են տեղափոխել սովետական արտադրության 2 ավտոմեքենաներով, ովքեր այնուհետև հիվանդանոցի ընդունարանի մոտից հեռացել են։ Քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները մոտ 2 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում քրեական ոստիկանությունում, հերթական օպերատիվ տեղեկությունները ստանալով, պարզում են ենթադրյալ սպանության վայրը, որը Քանաքեռում հայտնի Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի հարևանությամբ է եղել, որտեղ էլ, ինչպես նաև 5-րդ փողոցի որոշ տների մոտ, հայտնաբերվում են արնանման հետքեր։

Մինչ ոստիկաններն ու պարեկները պարզում էին դեպքի հանգամանքները, «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացում, որ վիրավորում ստացած 2 քաղաքացիներ են իրենց մոտ տեղափոխվել։ Քերական ու համայնքային ոստիկանները ժամանում են նշված բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հայտում են, որ վիրավորները գտնվում են հետազոտման փուլում և չեն կարող կատարվածի մասին բացատրություն տալ։ Նշված բժշկական կենտրոնից ոստիկանները Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխում 2 քաղաքացու, ովքեր կասկածվում են նշված սպանությանը մասնակցություն ունենալու մեջ։

Դեպքի մասին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը բաժնի պետ Վազգեն Մամիկոնյանի և օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի, «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխվածի, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ դեպքի մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։