Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 19-ի՝ Հարկ վճարողի օրվան նվիրված հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող խոշոր հարկ վճարողների հետ։ Հանդիպման նպատակն է՝ լսել բիզնեսին մտահոգող հարցերը, առաջարկները և համատեղ քննարկել գործնականում առաջացող խնդիրները։
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը, շնորհավորելով տնտեսվարողներին Հարկ վճարողի օրվա առթիվ, ընդգծել է, որ օրն առանձնահատուկ հնարավորություն է երախտագիտություն հայտնելու և գնահատելու տնտեսվարողների պատասխանատու մասնակցությունը երկրի տնտեսական կայունության և զարգացման գործում։ «Պետական եկամուտների կոմիտեն բարձր է գնահատում Ձեր վստահությունն ու համագործակցությունը և շարունակելու է գործել թափանցիկության, արդարության և վստահության սկզբունքներով՝ բարելավելով հարկային կարգապահության ապահովումը»,-նշել է Վրեժ Մխիթարյանը։ ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը ևս շնորհավորելով հանդիպման մասնակիցներին՝ հայտնել է, որ ՊԵԿ-ն այս տարի նախաձեռնել և խորն ուսումնասիրություններ է սկսել օրենսդրական խնդիրների, ինչպես նաև գործնականում առաջացող օրենսդրական դրույթների հետ կապված հարցերի գույքագրման առումով, ինչը հնարավորություն կտա կարճ ժամանակում կարգավորել ի հայտ եկող խնդիրները և հեշտացնել տնտեսվարողների գործունեությունը։
Հանդիպումը շարունակվել է ինտերակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով: ՊԵԿ-ի ներկայացուցիչները տնտեսվարողներին կառուցողական երկխոսության են հրավիրել: Ծավալվել է ակտիվ քննարկում, մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտային հարցերի, օրենսդրական փոփոխությունների, թվային դրոշմավորման գործընթացի լավարկման և այլ հարցերի շուրջ։ Իսկ խորքային ուսումնասիրություն պահանջող հարցեր քննարկելու և համատեղ լուծում գտնելու նպատակով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային քննարկումներ և սպառիչ լուծումներ գտնել բարձրաձայնված հարցերի շուրջ։ Տնտեսվարողների հավաստմամբ՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ՊԵԿ ներկայացուցիչների հետ կառուցողական մթնոլորտում քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները: Կոմիտեն վստահեցնում է՝ բիզնեսի առաջարկությունները հաշվի կառնվեն հարկային կարգապահության, վարչարարության արդյունավետության բարձրացման և հետագա աշխատանքների կազմակերպման ընթացքում: