Էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցների (էլեկտրական սկուտերներ, էլեկտրական սքեյթբորդներ, գիրոսկուտերներ, սեգվեյներ, միանիվ և այլն) շահագործման կանոնների ուժի մեջ մտնելուց ի վեր ՆԳՆ ոստիկանությունում կազմվել է 74 վարչական արձանագրություն։ Այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՆԳՆ ոստիկանությունից։
Դրանցից 48-ը կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի 131-րդ հոդվածի 1-ին մասով․ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհի երթևեկելի մասի գծանշման պահանջները խախտելը առաջացնում են տուգանք՝ 3000 դրամի չափով:
Այս խախտման համար տուգանվածներից 1-ն անչափահաս է եղել։ Ընդհանուր առմամբ այս 48 արձանագրությունների արդյունքում տուգանքի չափը կազմել է 240 հազար դրամ։
Եվս 23 արձանագրություն է կազմվել նույն օրենքի 2-րդ մասով, այն է՝ տրանսպորտային միջոցի ուղևորի կողմից ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը առաջացնում են տուգանքի նշանակում 3000 դրամի չափով:
Այս 23 արձանագրություններից 1-ը կազմվել է անչափահասի նկատմամբ։ Այս խախտման համար տուգանքի ընդհանուր չափը կազմել է 16 հազար դրամ։
3 արձանագրություն էլ կազմվել է նույն հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խախտումները, որոնք ստեղծել են վթարային իրադրություն, առաջացնում են տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:
Խախտում կատարած անձանցից 2-ն անչափահաս է եղել։ Այս խախտման համար ընդհանուր տուգանքի չափը կազմել է 30 հազար դրամ։
Ամփոփելով ստացված տեղեկությունները՝ նշենք, որ էլեկտրական սկուտերների, էլեկտրական սքեյթբորդների, գիրոսկուտերների, սեգվեյների, միանիվ և այլ տրանսպորտային միջոցների համար շահագործման կանոններն ուժի մեջ մտնելուց ի վեր դրանք խախտելու համար կատարված ընդհանուր տուգանքների չափը կազմում է 431 հազար դրամ։
Հիշեցնենք, որ այս կարգավորումներն ուժի մեջ են մտել նախորդ տարվա նոյեմբերին։
Անժելա Պողոսյան