Ապրիլի 18-19-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում Թուրփանջյանի անվան հասարակական գիտությունների ինստիտուտի կողմից կանցկացվի միջազգային համաժողով՝ նվիրված Հարավային Կովկասում տիրող ներկայիս իրավիճակի վերլուծությանը։
Համաժողովին կմասնակցեն ճանաչված դիվանագետներ, միջազգային հարաբերությունների փորձագետներ և գիտնականներ։ Միջոցառման հիմնական նպատակն է՝ քննարկել այնպիսի առանցքային թեմաներ, ինչպիսիք են Վրաստանում և Հայաստանում ժողովրդավարացման վտանգված հեռանկարները, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բացակայությունը և հնարավոր վերսկսումը, Ռուսաստանի ազդեցության թուլացումը կամ նոր ձևով արտահայտումը, ինչպես նաև ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների սերտացումը։
Թեմաների շարքում կլինեն նաև Թուրքիայի աճող դերը տարածաշրջանում, Իրանի և Ռուսաստանի՝ հետաքրքրությունների բախումներով ուղեկցվող գործնական համագործակցությունը, ԵՄ-ի ազդեցության ընդլայնման փորձերը, ինչպես նաև Չինաստանի, Հնդկաստանի և ԱՄՆ-ի տարբերակված մոտեցումները։
Նշվում է, որ քննարկումները կներառեն ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների անդրադարձը Հարավային Կովկասի վրա։ Համաժողովին, բացի հայազգի հեղինակավոր փորձագետներից, կմասնակցեն նաև մեկական ներկայացուցիչներ համապատասխան պետություններից կամ միջազգային կառույցներից։
Համաժողովին կմասնակցեն ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ նախագահի խորհրդական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախկին տնօրեն Դավիթ Հակոբյանը, Աթենքի համալսարանի դոկտոր Չենգիզ Աքթարը, միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մուստաֆա Այդընը, Վրաստանի համալսարանի հասարակական գիտությունների դպրոցի դոցենտ Շալվա Ձեբիսաշվիլի, անվտանգության վերլուծության ինստիտուտից՝ Լիլիթ Գևորգյանը, տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, Radar Armenia լրատվական գործակալության տնօրեն, դոկտոր Նժդեհ Հովսեփյանը, Կովկասի ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ալեքսանդր Իսկանդարյանը, Հարվարդի համալսարանի ռուսաստանյան և եվրասիական հետազոտությունների Դևիսի կենտրոնի վրացագիտության ծրագրի ավագ գիտաշխատող Դոկտոր Սթիվեն Ջոնսը, Իսլամական Ազադ համալսարանի իրավագիտության ֆակուլտետի միջազգային իրավունքի պրոֆեսոր, դոկտոր Ահմադ Քազեմին, Նևադայի համալսարանի ուսանողների հետ փոխգործակցության համակարգող, դոկտոր Ներսես Կոպալյանը, ՀՀ-ում Հնդկաստանի նախկին դեսպան, Indian Foreign Affairs Journal-ի գլխավոր խմբագիր Աչալ Մալհոտրան, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԼՂ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, Ռիչարդ Բ. Ֆիննեգանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, դոկտոր Աննա Օհանյանը, տարածաշրջանային և միջազգային հարցերով խմբի համակարգող Եղիա Թաշճյանը, պրոֆեսոր, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը, Հարավային Կովկասի անվտանգության և հակամարտությունների տարածաշրջանային փորձագետ Օլեսյա Վարդանյանը և այլք։