Կառավարության որոշմամբ կստեղծվի նոր հիմնադրամ՝ «Հանրօգուտ մեդիամիջավայր» անունով։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ դեռևս 2020թ․ ընդունված օրենքով հեռուստաընկերություններին պարտադրվում է եթերի առնվազն 20%-ն ապահովել հանրօգուտ կոնտենտով։
«Սա ասելով՝ նախ նկատի ունենք գիտական, կրթամշակութային, մարզական, սոցիալական բովանդակությամբ բովանդակությունը, որը կամ չի կարողանում կոմերցիոն գործիքներից օգտվելով գումար գեներացնել։ Այս նոր կարգավորումները, ինչպես նաև գովազդային շուկայում որոշակի սահմանափակումներ, որ 2020 թվականի փետրվարից սկսած որոշակի իրողություններ ստեղծեցին, մեզ դրդեցին որոշակի լուծումներ առաջարկել ինդուստրիայի համար, ինչպես նաև աջակցել այդ ընկերություններին, հեռարձակողներին՝ ապահովելու այդ առնվազն 20% հանրօգուտ կոնտենտը։ Արդյունքում, առաջարկվեց ստեղծել հիմնադրամ, որը կկարողանա դրամաշնորհների միջոցով խրախուսել հանրօգուտ կոնտենտի հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի տարածքում»,- նշեց Հայրապետյանը։
Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այդ հիմնադրամի կոնտենտը նայող կա՞, թե ոչ։
Նախարարն արձագանքեց՝ դա կանոնադրությամբ ֆիքսված չէ. հանրօգուտ կոնտենտի դեպքում առաջնայինը ռեյտինգը չէ։
Վարչապետը չհամաձայնեց. «Փողը տալիս ենք, ետևից պետք է գնանք՝ դրա արդյունքում ինչ եղավ․ այլապես դա փողի վատնում է»։
Վարչապետը նաև նշեց՝ «Չեմ հասկանում՝ որտեղի՞ց Հայաստանում մտածողություն, երբ ներկայացում են բեմադրում՝ իմանալով մարդ չի գնալու նայի:
Կարևորն այն է, թե դա շատ հանրօգուտ և բարձր մշակութային արժեք է: Ժողովուրդ ջան, դա մարդու համար է»:
Նախարարը խոստացավ խմբագրել կանոնադրությունն ու ավելացնել այդ կետը։