Հասարակություն

«Բումերանգի էֆեկտով հակահարված կստանան». փաստաբանները՝ ՍԴ որոշման մասին

Սահմանադրական դատարանը հրապարակել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի համապատասխան դրույթների սահմանադրականության վերաբերյալ որոշումը, ըստ որի՝ օրենքը սահմանադրական է ճանաչվել: Դեռևս հրապարակվել է որոշման եզրափակիչ մասը, ՍԴ մեկնաբանությունները հրապարակված չեն:  

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ ՍԴ որոշմանը․

«ՍԴ-ն սահմանեց, որ օրենքը համապատասխանում է սահմանադրությանը՝ մեկնաբանելով 2 կարգավորում, և սրանով մենք ավարտեցինք այն ոդիսականը, որը մեր ընդդիմադիր գործընկերները փորձում էին դիտարկել որպես մի երևույթ, որն ինչ-որ առումով դիտարկվում էր որպես վերջին տարբերակ՝ պաշտպանելու այն ապօրինի ձեռքբերումները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի անկախությունից հետո»,- նշեց Վարդանյանը։ 

«Թեև ապօրինի ծագման գույքի բռնագանձման մասին օրենքը, ըստ ՍԴ որոշման, համապատասխանում է սահմանադրությանը, բայց կան մեկնաբանություններ». Radar Armenia-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։ Նրա խոսքով՝ սա այն է, ինչ երկար ժամանակ իրենք պնդել են, որը դատավորների կողմից մերժվում էր։ 

«Եզրափակիչ մասի 2-րդ կետում նշել է, որ այդ գույքը պիտի անպայմանորեն կապ ունենա իր հանրային ծառայության մեջ գտնվելու ժամանակի հետ, այսինքն, այն գույքը, որը դատախազությունը փորձում է վերցնել, դա պիտի ձեռք բերված լինի, երբ մարդը եղել է հանրային ծառայող։ Երկրորդ, որ այն գույքը միայն կարող է դառնալ քննարկման առարկա, որը հանցագործությամբ է ձեռք բերվել կամ կապ ունի մեղսագրված արարքի հետ»,- նշեց Բաբայանը։ 

Նրա խոսքով՝ ՍԴ-ի այս որոշման հրապարակումից հետո դատախազության հայցերը բազմաթիվ գործերով միանգամից պիտի մերժվեն։ 

Արդյո՞ք այս որոշումից հետո նախկինում կայացված դատական ակտերը կարող են բողոքարկվել, Բաբայանն ասաց. «Այո, կարող են բեկանվել, քանի որ սա նոր հանգամանք է, և սրանով կարող են դիմել համապատասխան վերադաս դատական ատյաններ։ Այն մարդիկ, ումից գույքը վերցրել են այս մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, այո, կարող են։ Օրինակ, եթե գույք են վերցրել, որը կապ չի ունեցել հանցագործության հետ, կարող են դիմել դատարան՝ վերանայելու որոշումը»: 

Փաստաբան Նորայր Նորիկյանը Radar Armenia-ին ՍԴ որոշման մասին ասաց, թե մտավախություն ունի՝ այն անձինք, որոնք այսօր ներառված են ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով, և որոնց նկատմամբ դատախազությունը հայցեր է ներկայացրել հակակոռուպցիոն դատարան, ՍԴ երեկվա որոշումից հետո սպառելով ներհայաստանյան ներդատական ատյանները՝ կդիմեն ՄԻԵԴ, և չի բացառվում, որ ՄԻԵԴ-ն ինչ-որ փուլում, նախադեպային իրավունքի հիման վրա, հիմք ընդունելով ձևավորված իրավապրակտիկան, այնպիսի որոշումներ հրապարակի, որոնք ընդդեմ ՀՀ-ի կլինեն․

«Հետևաբար, գործող դատական համակարգը պարտավոր է յուրաքանչյուր դեպքի ուսումնասիրման փուլում բծախնդրորեն մոտենալ նման գործերին՝ հնարավորինս բացառելով հետագայում որևէ ենթադրյալ բողոքաբերի կողմից նման հայցեր ՄԻԵԴ ներկայացնելու հեռանկարը։ Դատախազության քաղաքականության ու ՍԴ հրապարակված որոշման միջև արդեն իսկ որոշակի հակասություն կա, որովհետև դատախազությունը պարտավոր է ապացուցել պաշտոնատար անձի՝ պաշտոնն ստանձնելուց հետո իրականացրած գործունեության և ձեռք բերված ակտիվների միջև պատճառահետևանքային կապը։ Եթե չապացուցվի, խնդիր ենք ունենալու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության՝ սեփականության իրավունքի հասկացության հետ»,- նշեց Նորիկյանը։ 

Նրա խոսքով՝ երբ ՍԴ-ն դիմել էր ՄԻԵԴ՝ խորհրդատվական կարծիք ստանալու, դատախազությունը պարտավոր էր հաշվի առնել այդ զարգացումները և սպասել ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի ստացմանը և ՍԴ-ի որոշման հրապարակմանը, նոր սկսեր գործընթաց, որն իրավական տեսանկյունից անխոցելի կլիներ․

«Այսօր, երբ իշխանությունը թմբկահարում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ օրենքի շրջանակներում հարուցված հայցերը, և հայցագումարի չափերը թմբկահարելով՝ փորձում հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե քանի միլիարդի թալան է վերադարձնում պետությանը, դրանք կարող են բումերանգի օրենքով մի քանի տարի անց ուժեղ հակահարված տալ ՀՀ-ին։ Այս մարդիկ, որոնց գույքը խլում են, կարող են գնալ ՄԻԵԴ, և դատարանը կարող է ընդդեմ ՀՀ-ի այնպիսի դատական ակտեր հրապարակի, որ ՀՀ-ն միլիոնավոր դոլարների փոխհատուցում նշանակի այդ նույն մարդկանց, որոնցից այսօր փորձում է գույք բռնագանձել։ Հետևաբար, այն գործիքակազմը, որն օգտագործվում է ենթադրյալ թալանը վերադարձնելու համար, պետք է ծանրութեթև արվի»։ 

Մեր զրուցակիցներն, այնուամենայնիվ, նշեցին, որ ամբողջական կարծիք կազմելու համար կարիք կա ծանոթանալ սահմանադրական դատարանի որոշման ողջ բովանդակությանը։ 

Անժելա Պողոսյան