«Տրամաբանական է, որ այն ուժը, որն ամենաշատ ձայներն է հավաքել, նաև քաղաքապետ ընտրի». հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ մյուս տարբերակները դժվար թե ժամանակի և իրականության մեջ աշխատող տարբերակներ լինեն․
«Կարծում եմ՝ բացասական ազդեցություն կունենան Գյումրիի հետ կապված բարեփոխումների, աշխատանքների հարցում, որովհետև «մեկժամյա» կամ «մեկ գիշերվա» կոալիցիան դժվար կարողանա ապահովել բնականոն գործունեությունը»։
Սիմոնյանի խոսքով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տեղը բանտն է, և այս հարցում իր կարծիքը չի փոխվել։ Թե ո՞վ է դրանում մեղավոր, նա նշել է՝ «բոլորս»։ Ըստ Սիմոնյանի՝ կան հարուցված գործեր, որոնք իրենց հանգրվանին կհասնեն։ Սիմոնյանի խոսքով՝ Գյումրիի և Փարաքարի ընտրությունները քաղաքական ընտրություններ չէին, և քարոզարշավի ժամանակ հիմնականում տեղական խնդիրների մասին խոսակցություն էր. «Կար քաղաքական կոմպոնենտ, կային նախկինները, որ տարբեր մարդկանց դեմքով եկան, մասնակցեցին, մի-մի կտոր ձայն ստացան, հիմա փորձում են միավորվել»։ Ընդդիմության հաղթանակի մասին հարցին ի պատասխան էլ ասել է. «Հաղթանակն այն կլինի, որ ունենան քաղաքապետ, և նա Գյումրիի համար ռեալ բաներ կանի»։