Հանրապետության տարածքում ապրիլի 15-ին և 16-ին շրջանների մեծ մասում, ապրիլի 17-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ հորդառատ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում՝ ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ: Ապրիլի 15-16-ն առաձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 15-16-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40 սմ և ավել։
Երևանում ապրիլի 15-ին և 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 17-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։