Հասարակություն

Հայաստանում կկայանա էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովը

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ և Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (ԲԾԻԳ ՊՀ) նախաձեռնությամբ, «Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում 2025 թվականի ապրիլի 18-19-ը տեղի կունենա էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովը: Այդ մասին հայտնում են ՇՄ նախարարությունից:

Համաժողովի նպատակն է ստեղծել համագործակցության հարթակ՝ աջակցելու էլեկտրական շարժունակության ոլորտի զարգացմանը Հայաստանում, բարձրացնելու Հայաստանի միջազգային ճանաչելիությունը.
նպաստելու օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, խթանելու երկկողմ և բազմակողմ համագործակցությունների ձևավորումը։

Համաժողովի մասնակիցներն են լինելու միջազգային ավտոարդյունաբերության, վերալիցքավորման կայանների (միջազգային և տեղական), էներգետիկայի (այդ թվում՝ այլընտրանքային էներգետիկայի), ավտոտեխսպասարկման, ապահովագրական ընկերությունների, բանկերի և այլ ֆինանսական կառույցների, պետական մարմինների ու կրթական հաստատությունների ներկայացուցիչները: