Հասարակություն

ՔԿՀ աշխատակցի տան դռան մոտ հայտնաբերվել է պայթուցիկի նմանվող իր. ժամանել են սակրավորները

Ապրիլի 12-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ-ն տեղեկություններ է ստացել, որ Բագրատունյաց 4-րդ նրբանցքի շենքերից մեկի բնակարանի դռան բռնակին կասկածելի լար է միացված: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է: Նշված նրբանցքի շենքերից մեկի թիվ 60 բնակարանի դռան դրսի կողմից՝ բռնակից լարով միացված, կասկածելի պլաստմասսե շիշ է հայտնաբերվել, որը նման է սարքած պայթուցիկի:

Պարեկներն ու Շենգավիթի ոստիկանները սահմանազատել են տարածքը, մինչև դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները: Վերջինները վնասազերծել են կասկածելի իրը: Պլաստմասսե շշի մեջ եղել է բենզին, մեծ քանակի մեխեր, և առանձին միացված ցելոֆանե զանգված, որի մեջ առկա էր բրոնզանման նյութ: Սակրավորներմ այն տեղափոխել են անվտանգ վայր:

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Աղբյուրի տեղեկություններով՝ բնակարանը պատկանում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ 47-ամյա տղամարդուն: Ոստիկաններն ու քննիչները արդեն մոտավոր գիտեն դեպքի հանգամանքները, շարժառիթը և կասկածյալների ինքնությունը: Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չեն հրապարակվում: