ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագիծը:
Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԱԺ պատգամավորներ, գիտնականներ, բուհերի ռեկտորներ, այլ շահագրգիռ անձինք:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ գործընկերներին նախագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ կատարվել է մեծ ծավալի աշխատանք, քննարկվել և վերլուծվել են ներկայացված բոլոր առաջարկները:
«Բոլոր այն առաջարկները, որոնցում ներկայացված դիտարկումները կարող էին օգնել կարգավորումների բարելավմանը և լավարկմանը, հաշվի են առնվել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ օրենքի լրամշակված նախագիծն արտացոլում է ի սկզբանե ներկայացված հստակ մոտեցումները, որոնք ուղղված են համակարգի մրցունակության և արդյունավետության բարձրացմանը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի մշակման փուլում ստացվել են շուրջ 500 էջից ավելի առաջարկներ «Գիտուժ» նախաձեռնության, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների և անհատների կողմից:
Հարցուպատասխանի ընթացքում որոշ մասնակիցներ ներկայացրել են դիտողություններ և մտահոգություններ՝ նախագծում առաջարկվող որոշ դրույթների, մասնավորապես՝ գիտության ոլորտում առկա տարաբնույթ խնդիրների վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները շարունակել լրամշակումից հետո: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծի վերաբերյալ կկազմակերպվեն նաև հանրային քննարկումներ: