Հասարակություն

Կապահովվի կինոարտադրության ոլորտի զարգացումն ու միջազգայնացումը

Գործադիրը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները, ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը սահմանելու պայմաններն ու հաշվարկելու նորմատիվները: Կարգավորումն առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև Հայաստանում ֆիլմարտադրության զարգացման, տնտեսական աճի խթանման և միջազգային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունից: Որոշման նպատակն է Հայաստանում ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմի գործարկումը, կինոարդյունաբերության զարգացումը, ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումը, երկրում տնտեսական աճի և աշխատաշուկայի մրցունակության բարձրացման ապահովումը, երկրի վարկանիշի և միջազգային դիրքավորման խթանումը: Հիմնավորման համաձայն՝ կինոարտադրության ոլորտում պետության կողմից տրամադրվող ֆինանսավորումը 2019-2024 թթ. համար կազմել է տարեկան միջինը 309 մլն դրամ։ Նույն ժամանակահատվածում կինոարտադրողների կողմից ներդրվել է տարեկան միջինը 655 մլն դրամ։

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կստեղծվեն բարենպաստ պայմաններ կինոարտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների համար, կխթանվի համատեղ արտադրությունը, ոլորտում կակտիվանա տնտեսական գործունեությունը, ինչն էլ կնպաստի հավելյալ եկամուտների գեներացմանը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանմանը, ինչպես նաև Հայաստանում կինոոլորտի մասնագետների մրցունակության բարձրացմանը:

«Հայաստանում կինոյի ոլորտում իրականացվում են համատեղ արտադրության կինոնախագծեր, սակայն ոլորտում առկա է պետական աջակցության և մասնավոր ներդրումային միջոցների սղություն: Միաժամանակ, օտարերկրյա ֆիլմարտադրողների հոսքը Հայաստան ևս սակավաթիվ է՝ նպաստավոր պայմանների բացակայության պատճառով»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են, աշխատաշուկան՝ նույնպես և կարող են ապահովել գրավչությունը ոլորտի համար: Մասնավորապես՝ Հայաստանում հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակները և ապահովել ֆիլմարտադրության համար անհրաժեշտ ստեղծագործական ու տեխնիկական և սպասարկման աշխատանքներն ու ծառայությունները: «Ըստ այդմ՝ օտարերկրյա ֆիլմարտադրողները, այդ թվում՝ ՀՀ-ի ֆիլմարտադրողների հետ, ֆիլմ նկարահանելու պարագայում, ՀՀ տարածքում ֆիլմարտադրության նպատակով ներդրված դրամական ծախսերի շրջանակում կարող են հայտ ներկայացնել և որոշմամբ սահմանված պայմաններով ու ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը: Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները ու աշխատանքները ձեռք բերվեն ՀՀ ռեզիդենտ, հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ժաննա Անդրեասյանը նշել է նաև, որ ներդրումների հավելյալ ևս մինչև 10 տոկոսի վերադարձ կարող է իրականացվել ՀՀ-ի հանրահռչակման տարրերի առկայության դեպքում: «Անհրաժեշտ է հաշվի առնել, որ բազային 25 տոկոսի վերադարձը մրցունակ է դարձնում ՀՀ-ն հարևան երկրների շարքում՝ խրախուսելով արտերկրի կինոարտադրողներին: Իսկ հավելյալ 10 տոկոսի վերադարձը ստեղծում է նաև հնարավորություններ միջազգային լայն լսարանի առջև մեր հանրապետության հանրահռչակման համար»,- ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ միջազգային կազմակերպությունների հետ արդեն իսկ կան կնքված հուշագրեր:

Անդրադառնալով որոշմանը Նիկոլ Փաշինյանը նշել է՝ ստացվում է, որ ՀՀ-ն ֆիլմարտադրության համար ներդրումների մինչև 35 տոկոսի վերադարձի հնարավորություն է ստեղծում: «Դրանից առաջ մենք հարցին տվել էին օրենսդրական լուծում, հիմա ուղղակի ենթաօրենսդրական կարգավորումներով ճշգրտում ենք, թե ինչ բանաձևերով են հաշվարկվելու և ինչն է համարվելու այս ծրագրի տրամաբանությանը, բովանդակությանը համապատասխանող ներդրում: Դա ճիշտ է, որպեսզի գործընթացը թափանցիկ և կանխատեսելի լինի և՛ Կառավարության, և՛ ներդրողների, և՛ հանրության համար», -նշել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով ընդունված որոշումը և այն պոտենցիալ շահառուին հասցնելու անհրաժեշտությունը: