Հասարակություն

«Ծրագիրը չի գործում». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է «խելացի անասնաշենքերի» կառուցման ծրագրում փոփոխություններ կատարել և ավելացնել հատկացվող գումարը։ Նախագիծն այսօր կառավարության նիստում ներկայացրեց փոխնախարար Արման Խոջոյանը։ 

Վարչապետը հետաքրքրվեց՝ նախագծի ընդունումից ի վեր՝ վերջին 5 տարում, քանի՞ խելացի անասնագոմ է կառուցվել։ 

Խոջոյանն արձագանքեց. «Կառուցվել է 58 խելացի անասնաշենք։ Խոշոր եղջերավոր տոհմային անասունների ներմուծման շրջանակներում 2400 անասուն է ներմուծվել»։

Փաշինյանը նշեց, որ ի սկզբանե պատկերացումն այլ է եղել ծավալների վերաբերյալ. «Այսինքն, սա ցույց է տալիս, որ ծրագիրը չի աշխատում։ Բա հիմա ի՞նչ ենք փոխում, որ հաջորդ շրջանում ավելի մեծ արդյունքներ ունենանք»։

Փոխնախարարը նշեց, որ շինանյութը վերջին տարիներին թանկացել է, դրա պատճառով դիմելիությունը նվազել է. «Հիմնական փոփոխությունը վերաբերում է փոխհատուցվող գումարին։ Այս նախագծով վերանայվել են շեմերը»։