Արմեն Զոհրաբյանն իր դիմումի համաձայն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից։ Հիմնադրամի անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպման ընթացքում Արմեն Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ Ճանապարհային դեպարտամենտում աշխատում են բանիմաց, իրենց աշխատանքային պարտականությունները կատարող մասնագետներ։
Նա կոչ է արել գործընկերներին շարունակել աշխատել նույն եռանդով՝ ի բարօրություն մեր երկրի։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն էլ այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արկադի Չերչինյանին։
Արկադի Չերչինյանը հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել ապրիլի 8-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։
Դավիթ Խուդաթյանը նախ շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին ղեկավար Արմեն Զոհրաբյանին կատարած աշխատանքի համար, այնուհետև շնորհավորել է պարոն Չերչինյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։
Արկադի Չերչինյանը, շնորհակալություն հայտնելով այս պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար, նշել է, որ պատրաստ է իր փորձն ու կարողությունները ներդնել հետագա աշխատանքներում և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի աջակցությամբ անել առավելագույնն իրենց առջև դրված խնդիրները պատշաճ իրականացնելու ուղղությամբ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմը շնորհավորում է պարոն Չերչինյանին նշանակման առթիվ և ցանկանում հաջողություններ համատեղ աշխատանքում։