Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրավիրած նիստում ներկայացրել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Զեկուցողն անդրադարձել է այն խնդիրներին, որոնք առկա են տեսալսողական մեդիայում և ընդգծել, որ մեդիաոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների կարիք կա:
Այս համատեքստում Տիգրան Հակոբյանը նշել է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բնակչության մեծ մասը տեղեկատվությունը ստանում է համացանցի միջոցով: Իսկ համացանցում գործող մի քանի տասնյակ հեռուստանման հեռարձակողներ կան, որոնք կարգավորումից դուրս են: «Այն սպառնալիքները, որոնք մենք ունենք՝ կապված տեղեկատվական անվտանգության, լեզվական, երեխաների վրա ազդեցության և ապատեղեկատվության հետ, գեներացվում է համացանցում»,- ասել է նա:
Անդրադառնալով հաճախ հնչող ատելության խոսքին՝ ՀՌՀ նախագահը նշել է, որ անգամ չկա դրա սահանումը, ինչն էլ, բնականաբար, դժվարացնում է պայքարը դրա դեմ:
Կարևորվել է նաև օտարերկրյա հեռուստաընկերությունների հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակումը: Տիգրան Հակոբյանը նշել է, որ հանրային մուլտիպլեքսում օտար հեռարձակող չպետք է լինի:
ՀՌՀ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին: