Հասարակություն

Արալյան ծովի չորացումը և դրա հետևանքները

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է․

«Վերջին 50 տարիների ընթացքում Արալյան ծով թափվող գետերի ջրի ընդհանուր ծավալը  նվազել է մոտավորապես 4,5 անգամ և ներկայումս կազմում է միջինը 12,7 խոր. կմ տարեկան։

Ծովի մակերևույթի մակերեսը  նվազել է 8 անգամ, իսկ ծավալը՝ 13 անգամ։ 1960 թվականին ջրի առավելագույն մակարդակը կազմել է 53,4 մ, սակայն այսօր այդ ցուցանիշը իջել է մինչև 29 մ-ի։ Ջրի աղիությունը  աճել է 25 անգամ և այժմ 11 անգամ գերազանցում է օվկիանոսի միջին աղիությունը։

Արալյան ծովի չորացման տեղում ձևավորվել է Արալկումի աղի անապատը, որի ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 5,5 միլիոն հեկտար։ Այս անապատն աստիճանաբար ընդգրկում է Արալ ծովի ողջ շրջանը՝ զբաղեցնելով նախկինում ծովի ջրով ծածկված տարածքները։ Նախկինում այդ տարածքները եղել են բուսական և կենդանական աշխարհի բնական միջավայրը և ծառայել որպես շրջակա միջավայրի կլիմայի կարգավորիչ: Արալյան ծովի չորացման հետևանքով առաջացած շարունակական բնապահպանական վտանգը բացասաբար է անդրադառնում կյանքի որակի, մարդկանց առողջության և, ամենակարևորը, տարածաշրջանի բնակչության գենոֆոնդի վրա։ Այս խնդիրն անդրադառնում է ոչ միայն Արալյան ծովի, այլև ողջ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վրա։

Ամեն տարի Արալյան ծովից մթնոլորտ է բարձրանում ավելի քան 75 մլն տոննա փոշի և թունավոր աղեր, ընդ որում փոշին կարող է հասնել մինչև 40 կիլոմետր բարձրության: Գիտնականները կարծում են, որ Արալյան ծովից ցրված փոշու մասնիկներն արդեն հասել են Պամիր և Տյան Շանի  սառցադաշտեր, ինչպես նաև Արկտիկա:

Արալի ճգնաժամը ստեղծել է բնապահպանական, կլիմայական, սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական խնդիրների համալիր, որոնք ունեն երկարաժամկետ և գլոբալ հետևանքներ»։