ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանն ու Լիլյա Սիրականյանն ընդունել են Berlin Economics գերմանական տնտեսական թիմի գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիին և թիմի Հայաստանի ծրագրերի պատասխանատու Դմիտրի Չերվյակովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
ԳԴՀ Տնտեսական հարցերի և կլիմայական գործողությունների դաշնային նախարարության առընթեր Berlin Economics/German Economic Team-ը տնտեսական քաղաքականության ոլորտում անկախ խորհրդատվական ընկերություն է, որը քաղաքականության մշակման ուղղությամբ խորհրդատվական աջակցություն է տրամադրում Արևելյան Եվրոպայի երկրներին, այդ թվում ՝ Հայաստանին։
Հանդիպման ընթացքում գերմանական տնտեսական թիմը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ իրենց կատարած վերլուծություններն ու առաջիկա անելիքները: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող տնտեսական քաղաքականությանը, մակրոտնտեսական հիմնական ցուցանիշներին, տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանմանն ու ներմուծմանը, հարկաբյուջետային (ֆիսկալ) քաղաքականությանը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև էներգետիկ և զբոսաշրջության ոլորտներին վերաբերող մի շարք հարցերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը կարող է դառնալ տարածաշրջանում տնտեսական փոխկապակցվածության ապահովման կարևոր բաղադրիչ։