ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստան 4.3 միլիարդ դրամի ռազմական անպիտան տեխնիկա է մատակարարվել, և այդ գործով նոր մեղադրանքներ են առաջադրվել գեներալներ Մովսես Հակոբյանին և Արմեն Հարությունյանին:
«Նոր քրեական հետապնդում է սկսվել գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի նկատմամբ։ Ըստ մեղադրանքի, Հակոբյանի պաշտոնեական անփութության հետևանքով, 9 տարի առաջ Ռուսաստանից Հայաստանին անպիտան ռազմական տեխնիկա է մատակարարվել։
2025 թվականի հունվարի 24-ին, հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութականատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հրանտի Հակոբյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) նախատեսված առերևույթ հանցանքի կատարման համար հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Մ․Հակոբյանի նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել՝ բացակայելու արգելք և գրավ՝ 10․000․000 ՀՀ դրամի չափով:
2025 թվականի հունվարի 24-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Արմեն Սամսոնի Հարությունյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին) քրեական հետապնդում հարուցելու մասին:
24․01․2025 թվականին Արմեն Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել, և որպես խափանման միջոց է կիրառվել՝ բացակայելու արգելք:
2025թ. մարտի 27-ին թիվ 58219221 քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան»,- Radar Armenia-ին հայտնեցին դատախազությունից: