Հասարակություն

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումը մեծ թափ է ստացել

ՀՀ ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ ավելի մեծ թափ է ստացել Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ հատվածի կառուցումը։

Կապալառու կազմակերպությունը մեծացրել է իր ռեսուրսները։ Շինհրապարակում աշխատում է 155 միավոր տեխնիկա, 248 աշխատող։ Ներգրավված են նաև տարածաշրջանի բնակիչներ, ինչպես նաև տեղական շինարարական կազմակերպություններ՝ որպես ենթակապալառու, ինչը լուծում է որոշակի սոցիալական խնդիրներ։

Շինհրապարակում իրականացվում են տարբեր բնույթի աշխատանքներ՝ հողային, պայթեցումներ, կառուցվում է հողային պաստառը։ Ընթանում է Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցներից մեկի կառուցումը. կատարվում է բետոնացում, կառուցվում են արհեստական կառույցների հիմքերը։ Շարունակվում են նաև 360մ երկարություն ունեցող թունելի հորատման աշխատանքները. արդեն իսկ հորատվել է ավելի քան 180մ։

Քաջարան-Ագարակ ճանապարհը կառուցվում է ՀՀ կառավարության ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 32կմ ճանապարհ, երկու թունել և 17 կամուրջ, որոնցից ամենաերկարը 720 մետր է։