Մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։05-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ Հաղպատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Անմոռ» ՓԲԸ-ին պատկանող փիրուզի հանքաքարի տարածքում այլ անձանց շարժ է նկատվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, արդեն տեղում «Գարդիան Գրուփ» ընկերության անվտանգության աշխատակիցը ոստիկաններին հայտնել են, որ մի քանի ժամ առաջ շուրջ 18-20 դիմակավորված անձինք մտել են ընկերության տարածք և փորձել գողանալ փիրուզի հանքաքար, սակայն իրենք հորդորել ու պահանջել են նշված տարածքից հեռանալ, այլապես կարող են իրենց ամրակցված հրազենով կրակել։
Ի պատասխան՝ նշված դիմակավորված անձինք հայտնել են, որ իրենք էլ զենք ունեն ու կկրակեն։ Պահնորդական ընկերության աշխատակիցները ռադիոկապի միջոցով ոստիկաններին հայտնել են, որ այդ պահին ևս անձանց շարժ է նկատվում և փորձում են հանքաքար գողանալ։ Ոստիկաններն անվտանգության աշխատակիցների հետ մոտեցել են նշված վայր և մթության մեջ՝ ժամը 01։20-ի սահմաններում, շուրջ 25-30 մետր հեռավորության վրա նկատել են ակնհայտ փիրուզի հանքաքարի գողություն կատարող անձի և փորձել են բռնել, սակայն վերջինս պարկը ձեռքին՝ դիմել է փախուստի։
Ոստիկաները հորդորել են, որ կանգնի, թե չէ կկրակեն, որին ի պատասխան՝ հիշյալ անձը մթության մեջ իրենց ուղղությամբ պահելով ինչ-որ իր՝ ասել է, որ ինքն էլ զենք ունի, կկրակի։ Ոստիկանության ծառայողը 2 անգամ իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից նախազգուշական կրակոց է արձակել օդ։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մասնակիցների ինքնությունը։