Հասարակություն

«Պատրաստ եմ աջակցել ցանկացած նախաձեռնության, որը կապահովի առողջական լավագույն ելքերը». Ավանեսյան

«Պատրաստ եմ աջակցել ցանկացած նախաձեռնության, որը կապահովի առողջական լավագույն ելքերը». Ավանեսյան

Կարևորելով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման ծառայության հասանելիության ապահովումը և նորագույն մեթոդների կիրառումը` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է գերմանացի դոկտոր Ինգո Բերգմանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Գերմանիայի և Շվեյցարիայի անվանի բժիշկներ և փորձագետներ:

Ինգո Բերգմանը մեծ ներդրում է ունեցել Գերմանիայում դիալիզի ծառայությամբ բազմապրոֆիլ կենտրոնի կառուցման և Շվեյցարիայում առաջին էքստրակորպորալ թաղանթային թթվածնացման (/ECMO/ արյունը թթվածնով հագեցնելու ինվազիվ արտամարմնային մեթոդ սուր շնչառական անբավարարության զարգացման դեպքում) մեթոդի ներդրման աշխատանքներում:

Պատվիրակության անդամներն առաջիկա օրերին կշրջեն հայաստանյան մի շարք բուժկենտրոններում, կլինեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում` տեղի մասնագետների հետ քննարկելու հեմոդիալիզի ծառայության ընդլայնման հնարավորությունները, պրակտիկ իրացման հարցերը:

«Ես պատրաստ եմ աջակցել ցանկացած նախաձեռնությանը, որը մեր քաղաքացիների համար կապահովի առողջական լավագույն ելքերը: Կարևոր է Գերմանիայի և Շվեյցարիայի գործընկերների հետ այս համագործակցության մեկնարկը, փորձի փոխանակման հնարավորությունը, ժամանակակից բժշկության մեթոդների կիրառումը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Հեմոդիալիզի ծառայությունը Հայաստանում մատուցվում է պետական պատվերի շրջանակում, իսկ Գերմանիայում ծառայության ծախսերը հոգում է ապահովագրությունը:

Պատվիրակությունը հետաքրքրվել է Հայաստանում երիկամի փոխպատվաստման ծառայության փորձից, որին ի պատասխան` նախարարը ներկայացրել է ներկա արդյունքները, խոսել դիակային դոնորության իրավական կարգավորումների ընթացքից:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական