Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․
Այսօր Օդերևութաբանության համաշխարհային օրն է։
Ամեն տարի մարտի 23-ը հիդրոօդերևութաբանական հանրությունը նշում է իր մասնագիտական տոնը:
Այս տարի օրը անցկացվում է «Միասին հաղթահարելով վաղ նախազգուշացման բացերը» կարգախոսի ներքո: Հաշվետվությունները ցույց են տալիս, որ աշխարհի երկրների 55%-ն ունի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման համակարգեր, թեև երկրագնդի գրեթե կեսը մնում է չընդգրկված: Ժամանակն է վճռական գործողության՝ եկեք միավորվենք՝ փակելու վաղ նախազգուշացման բացերը:
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) պարբերաբար հայտնում է էքստրեմալ կլիմայական երևույթների հաճախականության և ինտենսիվության աճի մասին որոնք զգալի ազդեցություն են ունենում ամբողջ աշխարհի հասարակությունների և տնտեսությունների վրա: Ստորև ներկայացված են ՀՕԿ-ի կողմից հաստատված այդ երևույթներից մի քանիսը
Ծայրահեղ ջերմաստիճաններ՝ 2023 և 2024 թվականները ճանաչվել են որպես ռեկորդային ամենատաք տարիներ: Այդ տարիներին գրանցվել են ջերմոցային գազերի ռեկորդային ցուցանիշներ, գետնամերձ օդի ջերմաստիճաններ, օվկիանոսի բարձր ջերմության պարունակություն և թթվայնացում, ծովի մակարդակի բարձրացում, Անտարկտիդայի ծովի սառույցի կորուստ և սառցադաշտերի նահանջ:
Աննոմալ ցրտեր: 2021 թվականի փետրվարին Միացյալ Նահանգների կենտրոնական շրջաններում և Մեքսիկայի հյուսիսում անսովոր ցուրտ ջերմաստիճան է գրանցվել: Հատկապես տուժել է Տեխաս նահանգը՝ 1989 թվականից ի վեր գրանցված ամենացուրտ ջերմաստիճաններով:
Ջրհեղեղներ։ 2022 թվականին՝ ծայրահեղ ջրհեղեղներից տուժել են միլիոնավոր մարդիկ կրելով միլիարդավոր դոլարների վնաս, ինչը վկայում է կլիմայի փոփոխությանն ի պատասխան ավելի շատ գործողությունների անհրաժեշտության մասին:
Երաշտներ. 2022 թվականին երաշտները զգալի տնտեսական կորուստների և պարենային անվտանգության վատթարացման են հանգեցրել աշխարհի մի շարք տարածաշրջաններում:
Անտառային հրդեհներ. 2021 թվականին Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում ջերմաստիճանը հասել է 49,6°C-ի՝ առաջացնելով ավերիչ անտառային հրդեհներ, որոնք վատթարացրել են հաջորդող ջրհեղեղների հետևանքները:
Օվկիանոսի մակարդակի բարձրացում. 2023 թվականին նկատվել է ծովի մակարդակի արագացված բարձրացում, որը վտանգ է ներկայացնում ափամերձ համայնքների և էկոհամակարգերի համար:
Օվկիանոսների տաքացում. օվկիանոսները շարունակում են տաքանալ՝ հասնելով նոր ռեկորդային ջերմաստիճանների, ինչը ազդում է ծովային էկոհամակարգերի վրա և ուժեղացնում է էքստրեմալ եղանակային իրադարձությունները:
Սառցադաշտերի հալք. 2023-2024 թվականերին սառցադաշտերի արագացված հալքը նպաստում է ծովի մակարդակի բարձրացմանը և փոխում է հիդրոլոգիական ցիկլերը:
Օվկիանոսի թթվայնացում CO₂ կոնցենտրացիայի ավելացումը հանգեցնում է օվկիանոսի թթվայնության բարձրացմանը, ինչը բացասաբար է ազդում ծովային ֆլորայի և ֆաունայի վրա:
Տնտեսական և սոցիալական հետևանքներ. 2024 թվականին եղանակային ծայրահեղ իրադարձությունները հանգեցրել են 2008 թվականից ի վեր բնակչության տարեկան տեղաշարժերի ամենաբարձր թվին, ավերելով տներ, ենթակառուցվածքներ և վատթարացնելով պարենային անվտանգությունը 18 երկրներում:
Այս երևույթները ընդգծում են հրատապ և համակարգված գործողությունների անհրաժեշտությունը՝ կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու և նոր կլիմայական պայմաններին հարմարվելու համար: