«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով՝ 2024 թվականին աշխարհում գրանցվել է ավելի քան 600 էքստրեմալ եղանակային իրադարձություն, որոնցից 148-ը դասակարգվել են որպես «աննախադեպ», ինչի հետևանքով 824000 մարդ լքել է իր տները, 1700-ը՝ մահացել, իսկ 1,1 միլիոնը՝ վիրավորվել։
Ավելի հաճախակի և ինտենսիվ էքստրեմալ եղանակային իրադարձությունների հիմնական պատճառը, ինչպիսիք են արևադարձային ցիկլոնները, ջրհեղեղները և երաշտը, գլոբալ ջերմաստիճանի բարձրացումն է:
Տնտեսական տեսանկյունից անցյալ տարվա «ամենաթանկ» իրադարձությունը եղել է արևադարձային Միլթոն ցիկլոնը (փոթորիկը), որը մոլեգնել է Միացյալ Նահանգների գլխին 2024 թվականի հոկտեմբերի 9-ից 13-ը։ Վերջինիս պատճառած ընդհանուր վնասը գնահատվում է 60 մլրդ ԱՄՆ դոլար։ Իսկ օրինակ՝ 2024 թվականի սեպտեմբերի 12-16-ը «Բորիս» ցիկլոնի պատճառով Կենտրոնական Եվրոպայում տեղի ունեցած ջրհեղեղները 5,2 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս են պատճառել։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 2024 թվականի մայիսի 25-26-ին Հայաստանում դիտվեց ամենաաղետալի և «ամենաթանկ»հիդրոօդերևութաբանական երևույթներից մեկը՝ Դեբեդ գետի հեղեղումները։ Համաձայն գնահատականների Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ակնթարթային առավելագույն ելքը կազմել է 884մ3/վ, որը առավելագույնն է դիտարկումների ամբողջ ժամանակահատվածի համար և ունի 100 տարին մեկ կրկնվելու հավանականություն: Հեղեղումների հետևանքով ընդհանուր վնասը գնահատվել է 49.43 մլն ԱՄՆ դոլար։ Հեղեղումների հետևանքով մարդկային կորուստների թիվը կազմել է 4 մարդ։ Ընդհանուր առմամբ հեղեղումների հետևանքով տուժել է 40839 մարդ, 2382 մարդ ժամանակավորապես տարհանվել է։