«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ, ՀՕԿ-ՈւՄ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈւՑԻՉ ԼԵՎՈՆ ԱԶԻԶՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ.
Հարգելի՛ գործընկերներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Օդերևութաբանի օրվա առթիվ։ Արդեն ավելի քան երկու տասնամյակ՝ համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 936-Ն որոշման, Հայաստանի Հանրապետությունում մարտի 23-ը նշվում է որպես օդերևութաբանի օր։
Այս տարի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ), որպես Միավորված Ազգերի Կազմակերպության կառույց, նշում է իր 75 ամյակը։ Կազմակերպությունն իր գործունեությամբ համակարգում է գլոբալ ջրային, կլիմայական և եղանակային գործընթացները՝ ապահովելով կարևորագույն տեղեկատվություն ողջ աշխարհի համար։
Օդերևութաբանները, ջրաբանները և կլիմայագետները ողջ աշխարհում ծառայում են հասարակության անվտանգությանը, քանզի եղանակային, կլիմայական և հիդրոլոգիական երևույթները չեն ճանաչում պետական կամ քաղաքական սահմաններ։ Այս ոլորտների տվյալներն անհրաժեշտ են գյուղատնտեսության, առողջապահության, տրանսպորտի, ավիացիայի, շինարարության և ջրային տնտեսության արդյունավետ կառավարման համար։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ՀՕԿ-ի կողմից ընտրվել է հատուկ կարգախոս՝ «Միասին հաղթահարելով վաղ նախազգուշացման բացերը»։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից հայտարարված «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել վաղ նախազգուշացման համակարգերի հասանելիություն աշխարհի յուրաքանչյուր մարդու համար, ինչը կարևոր քայլ է ռիսկերի նվազեցման և բնական աղետների դիմակայունության բարձրացման ուղղությամբ։
Կլիմայի փոփոխությունն այսօր իրական և անհերքելի սպառնալիք է Երկրագնդի համար։ Համաձայն ՀՕԿ-ի տվյալների, 2024 թվականը գրանցվել է որպես դիտարկումների պատմության մեջ ամենատաք տարի։ Ցավոք, այս միտումը շարունակական է, և Հայաստանը նույնպես բացառություն չէ․ մեր երկրում վերջին տասնամյակների ջերմաստիճանի բարձրացման տեմպը մոտ 2-3 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշները։
Այս գործընթացները ուղեկցվում են ջերմային ալիքների, երաշտների, անտառային հրդեհների և ջրհեղեղների ավելացմամբ և այդ իրողությունների ֆոնին՝ ճշգրիտ կանխատեսումներն ու վաղ նախազգուշացման համակարգերի արդյունավետ կիրառումն ունի կենսական նշանակություն՝ հնարավոր աղետները կանխելու և կյանքեր փրկելու համար։
Կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնային ուղղություններն են մեղմման և հարմարվողականության միջոցառումների մշակումն ու իրագործումը: Կլիմայական տեղեկատվության մշակումը ու դրա համահունչ ինտեգրումը միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում՝ ուղղված է ռիսկերի նվազեցմանը և կայուն զարգացման ապահովմանը։
Միավորված Ազգերի Կազմակերպության գերակա առաջնահերթությունն է ապահովել վաղ նախազգուշացման համակարգերի հասանելիությունը Երկրագնդի յուրաքանչյուր բնակչի համար։ Այդ ուղղությամբ անհրաժեշտ են այժմեական գործողություններ, ներդրումներ և նորարարական լուծումներ։ Բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունն այս համատեքստում առավել կարևոր է, քան երբևէ։
Սիրելի՛ օդերևութաբաններ Ձեր աշխատանքը առանցքային դեր է խաղում մարդկանց կյանքեր փրկելու, ունեցվածքը պաշտպանելու և կայուն զարգացման ապահովման գործում։
Ձեր պրոֆեսիոնալության և աշխատանքի նվիրվածության շնորհիվ մենք ստանում ենք ժամանակին և ճշգրիտ կանխատեսումներ, որոնք օգնում են արդյունավետ արձագանքել բնական վտանգներին։ Կլիմայի փոփոխության հետևանքով պայմանավորված ծայրահեղ եղանակային երևույթների հաճախականության և ինտենսիվության աճի պայմաններում ձեր աշխատանքն օր օրի առավել կարևոր է դառնում։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Շնորհակալ եմ ձեր նվիրումի և կատարած աշխատանքի համար։ Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին քաջ առողջություն, բարեկեցություն, նորանոր հաջողություններ ձեր կարևոր առաքելության մեջ։ Թող ձեր աշխատանքը միշտ գնահատվի, իսկ երկինքն՝ միշտ խաղաղ լինի։