ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հեռարձակման ոլորտում երկխոսությունը շարունակվում է, և առաջիկայում Երևանում հանդիպում տեղի կունենա։ «Մենք հրավիրել ենք մեր գործընկերներին՝ աշխատանքային քննարկում անցկացնելու Երևանում, որտեղ կներկայացնենք շատ կոնկրետ առաջարկներ։ Այդ քննարկումների արդյունքում պարզ կդառնա, թե համաձայնագրի որ դրույթները և ինչպես կարող ենք վերախմբագրել»,- ասել է նա։
Հայրապետյանի խոսքով՝ իրենց նպատակն է ունենալ այնպիսի համաձայնագիր, որը ճիշտ կհասցեագրի առկա խնդիրները և կբացառի այնպիսի կոնտենտը, որը նախկինում խնդրահարույց է համարվել։
Հարցին, թե ինչու հանրային մուլտիպլեքսից ռուսական ալիքները հանելու հարցը չի դրվում, նա պատասխանել է. «2020 թվականի վերջին ՀՀ-ն յոթ տարով լիցենզիա է տրամադրել, և գոյություն ունի երկու կառավարությունների միջև ստորագրված փաստաթուղթ»։
Հայրապետյանը նաև մեկնաբանել է, թե ինչու հայկական ալիքները չեն հեռարձակվում ՌԴ-ում, ի տարբերություն Հայաստանի, որտեղ ռուսական ալիքները հեռարձակվում են։ «Համաձայնագրով ռուսական կողմը պարտավոր չէ Հ1-ը հեռարձակել իր հանրային մուլտիպլեքսում»,- ասել է նա։
Ըստ Հայրապետյանի՝ հայկական կողմը կարծում է, որ եթե ռուսական կողմն ունի հեռարձակման հնարավորություն Հայաստանի հանրային մուլտիպլեքսում, ապա Հ1-ը նույնպես կարող է հեռարձակվել ՌԴ հանրային մուլտիպլեքսով։ Նրա խոսքով՝ նման առաջարկ արվել է, սակայն այն չի ընդունվել։