ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է, որ այս խնդիրները պետք է կարգավորվեն ինչպես օրենսդրական, այնպես էլ վարչարարության միջոցով։ «Միևնույն ժամանակ, մենք մեծ աշխատանք ունենք անելու աղմուկի ազդեցության վերաբերյալ հանրության տեղեկացվածության և մշակույթի փոփոխության առումով»,- նշել է նա։
Ըստ Ավանեսյանի, շատ դեպքերում աղմուկի հետ կապված ոչ պատշաճ վարքագիծն այնքան տարածված է, որ դժվարացնում է դրա նկատմամբ կոնկրետ վարչարարական միջոցներ ձեռնարկելը։
Նախարարի խոսքով՝ աղմուկը կոնկրետ ազդեցություն է ունենում ինչպես լսողական համակարգի, այնպես էլ ամբողջ օրգանիզմի և նյարդային համակարգի վրա։
Ավանեսյանը նաև ընդգծել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) աղմուկի ազդեցության վերաբերյալ ունի հստակ ստանդարտներ, որոնք պետք է պահպանվեն՝ մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար։
Զեկուցողի խոսքով կարևոր է նաև տարբերակել աղմուկի տեսակները: Ըստ նրա` անհանգստության մեծ առիթ է նաև զվարճանքի կենտորններից լսվող աղմուկը: «Սանիտարական նորմերը, ձայնամեկուսացման համար անհրաժեշտ քաղաքաշինական նորմերը ևս մեկ անգամ պետք է համեմատել միջազգային ստանդարտների հետ` տեսնելու, թե ինչն է խնդիրը, որ դրանք շատ անգամ չեն պահպանվում»,- ընդգծել է Անահիտ Ավանեսյանը: