Հասարակություն

«Խայտառակ երևույթ էր». «Առաջին դեպքը չէ, որ վիրավորում եք». ընդդիմադիր պատգամավորները՝ Քոչարյանին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ուշադրություն հրավիրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ պահվածքի վրա՝ կոչ անելով դատապարտել այն։

«Տեղի է ունեցել խայտառակ երևույթ. հերթական անգամ պաշտպանության հանձնաժողովի նախագահը վիրավորել է լրագրողին՝ վիրավորանքը պայմանավորելով սեռով, ինչն անթույլատրելի է»,- ասաց Մանուկյանը՝ կատարվածի վրա հաշվի առնելով նաև պաշտպանության նախարար, ՔՊ վարչության անդամ Սուրեն Պապիկյանի ուշադրությունը։

Ի պատասխան՝ Քոչարյանն արդարացավ՝ պնդելով, որ ինքը չի վիրավորել լրագրողին, այլ միայն կրկնել է Բագրատ Սրբազանի խոսքերը. «Ես արձանագրել եմ, որ խոսքը պետք է օգտագործել մաքուր, իսկ թե դուք դրա մեջ ինչ եք պատկերացնում, դա ձեր խնդիրն է»։

Հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանն իր հերթին նշեց, որ Քոչարյանը պարտավոր էր ներողություն խնդրել, քանի որ վիրավորել է կնոջ. «Ձեր ոչ մի քայլ չպետք է անարձագանք մնա. սա առաջին դեպքը չէ, որ դուք վիրավորում եք կնոջ»։

Հիշեցնենք՝ Քոչարյանն իրեն հարց տվող լրագրողին ասել էր. «Մաքրեք ձեր շրթունքները»։