Հասարակություն

Հայտարարվել է 3 հետիոտնային կամուրջի շինարարության մրցույթ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։ Փոխնախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ենթակառուցվածքների ոլորտում և հեղեղներից հետո հետաղետային իրավիճակում համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել է 2024թ մայիսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների արդյունքում տուժած ենթակառուցվածքների վերականգնման հարցը։ Մասնավորապես՝ քննարկվել է Շվեյցարիայի Համադաշնության կառավարության կողմից 2024թ․ ջրհեղեղից հետո Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերի արդյունքները, շվեյցարական փորձագիտական և ինժիներական խմբերի աշխատանքները, քանդված հետիոտնային կամուրջների կառուցման և վերականգնման ուղղությամբ անհրաժեշտ աջակցության տրամադրման վերաբերյալ հարցերը։

Շվեյցարական կողմի ֆինանսավորմամբ արդեն հայտարարվել են երեք հետիոտնային կամուրջների շինարարության մրցույթ, որի արդյունքներն ամփոփման փուլում են։ Համաձայնություն է ձեռք բերվել շվեյցարական կողմի հետ շարունակել ենթակառուցվածքների բարելավման ոլորտում առկա համագործակությունը։

Դեսպան Ռոզենկրանցն իր հերթին ընդգծել է Շվեյցարիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի ենթակառուցվածքների վերականգնմանն ու ամրապնդմանը, նպաստելու երկու երկրների միջև մասնագիտական փորձի փոխանակման և ծրագրերի իրականացման շարունակականությունը։

Կողմերը պայմանավորվել են շարունակական դարձնել աշխատանքային հանդիպում-քննարկումները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում նոր հետիոտնային կամուրջների կառուցման ծրագրի իրականացման համար։