Հասարակություն

Հայաստանի Հանրապետությունում կդրվի մշակութային աճուրդների դաշտի կայացման հիմքը

Կառավարությունը հավանություն է տվել «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին օրենքում» լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունմամբ կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի արվեստի ստեղծագործությունների շրջանառության թափանցիկ գործիքակազմի ներդրմանը և առաջարկ-պահանջարկի և մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը: Նախագծի ընդունումը կնպաստի ոլորտում համակարգված պետական քաղաքականության վարմանը, մասնավորապես ՀՀ-ից մշակութային արժեքների արտահոսքի կանխմանը և պետական թանգարանային հավաքածուների համալրման համակարգված իրականացմանը:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կառավարության ծրագրով և նաև մշակույթի զարգացման և պահպանման ռազմավարությամբ կարևոր թիրախ է մշակույթի տնտեսականացումը: Եվ, ըստ նրա, Հայաստանում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, ինչը բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում: «Այս նախագծով մենք հիմք ենք դնում ՀՀ-ում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը՝ առաջարկելով ընդունել նոր օրենք: Նախագծի ընդունմամբ նախատեսում ենք, որ կապահովվի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի նաև մեր ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը, արվեստի ստեղծագործությունների արժևորմանը և շրջանառության ընդլայնմանը, ինչպես նաև առաջարկի-պահանջարկի և մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը և ստվերային շրջանառության կրճատմանը»,- ասել է նախարարը:

Օրենքի ընդունմամբ նախատեսվում է հնարավորություն ստեղծել հայկական շուկա միջազգային հեղինակավոր աճուրդի տների ներգրավման համար, ինչը կնպաստի միջազգային շուկաներում երկրի մշակույթի և ստեղծարար ոլորտների ինտեգրմանը, Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը. «Ուսումնասիրելով շուկան՝ կարծում ենք, որ հեղինակավոր աճուրդային տների ներգրավումը մեր դաշտում կստեղծի ներուժ աճուրդային շուկան տարածաշրջանային հետաքրքրության առարկա դարձնելու»:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ է խանգարում, որ այսօր այդ աճուրդները տեղի ունենան: Ի պատասխան Ժաննա Անդրեասյանը նշել է՝ այս պահին օրենսդրությամբ սահմանված չէ մշակութային աճուրդի հնարավորություն, կա միայն «Հրապարակային սակարկությունների մասին» գործող օրենք, որը չի կարող կիրառվել ոլորտի կանոնակարգման համար: «Մշակութային աճուրդները չեն կազմակերպվելու պետության կողմից: Մենք նախատեսում ենք, որ սա պետք է լինի լիցենզավորված գործունեություն, և ներկայացված օրենսդրական փաթեթը նաև այդ կարգավորումներն է տալիս, որով մասնավորը կունենա հնարավորություն՝ այս դաշտում գործունեություն ծավալելու»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այն բավական լուրջ հետաքրքրություն կարող է առաջացնել:

Թեմայի առնչությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանել է, որ այս որոշման ընդունմամբ այլ հարթակներում վաճառքները չեն արգելվում. «Բայց մենք վստահեցնում ենք, որ կա մի հարթակ, որտեղ ռիսկերի կառավարման համակարգը փորձաքննված է, և հարթակն ունի լիցենզիա, ինչը նշանակում է, որ այդ հարթակում գնվում է այն ապրանքը, որը նկարագրված է հարթակում: Դա, իրոք, լուրջ խթան կլինի: Մենք նաև սահմանել ենք, որ դա լինելու է անկանխիկ առևտրի հարթակ, լինելու է էլեկտրոնային»:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է՝ մեխանիզմը շատ հրապարակային և թափանցիկ է լինելու, ինչը նշանակում է, որ էլեկտրոնային հարթակն ամբողջ աշխարհի համար հուսալի մեխանիզմ է դառնում, և պոտենցիալ պահանջարկը մեր արվեստի գործերի նկատմամբ էականորեն աճելու է. «Մենք չենք բացառում, որ այդ պահանջարկը կա, բայց առևտրի ձևն անընդունելի է այն մարդու համար, որը ցանկություն ունի գնելու, որովհետև ո՛չ մատակարարման հարցն է հասկանում, ո՛չ իսկության, ո՛չ վճարման ու գնագոյացման, իսկ այս պարագայում մենք ինտեգրվում ենք գլոբալ շուկային, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է՝ առաջին հերթին արվեստի զարգացման համար»:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Եթե մեզ հաջողվի փորձառու և հեղինակավոր օպերատոր ներգրավել, սա նշանակում է, որ Հայաստանի արվեստի շուկան կդառնա համաշխարհային շուկայի մաս: Այսինքն՝ հայաստանցի նկարիչների, արվեստագետների գործերը կարող են միջազգային առևտրում արդեն ավելի մեծ ներկայություն ունենալ»: