Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է Բուլղարիայի նախկին փոխվարչապետ, գլխավոր բանակցող և սպառողների պաշտպանության հարցերով ԵՄ հանձնակատար Մեգլենա Կունևային։
Գեղամ Գևորգյանը ողջունել է հյուրը՝ շեշտելով, որ մեծ պատիվ է մեր երկրում հյուրընկալել սպառողների պաշտպանության ոլորտում հարուստ փորձ ունեցող գործչի։
ՄՊՀ նախագահը ներկայացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված բարեփոխումների ընթացքը։ Նա նշել է, որ մշակվել է լայնածավալ բարեփոխումների փաթեթ, որի համաձայն ՄՊՀ-ն ստանձնելու է այս ոլորտում կենտրոնական և կոնտակտային մարմնի դերը։
Արդեն գործարկվել է նոր թվային գործիք՝ “Սպառողի օգնական”, որի միջոցով քաղաքացիները կարող են իրենց անհատական բողոքները ներկայացնել տնտեսավարողներին։
Մեգլենա Կունևան ողջունել է մեկ մարմնի ներքո մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գործառույթների համատեղման գաղափարը՝ ներկայացնելով իր առաջարկները բարեփոխումների առանձին հարցերի վերաբերյալ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ոլորտի օրենսդրության կիրարկման, այդ թվում՝
հասարակական կազմակերպությունների ներգրավման,
վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ներդրման,
ապրանքների մակնշման,
շահերի պաշտպանության և հանրային իրազեկման միջոցառումների,
կրթական ծրագրերի իրականացման և այլ հարցերի շուրջ։