ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ այսօր Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում հանդիպել են Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Էնն Վաիրիմու Մումինայի հետ։
«Կազմակերպությունը բժշկական օգնություն է ցուցաբերում հակամարտություններից, համաճարակներից, աղետներից տուժած մարդկանց, բժշկական օգնությունից զրկված մարդկանց աշխարհի ավելի քան 70 երկրներում։
Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունը ներկայումս Արշակունյաց բժշկական կենտրոնի հետ համագործակցությամբ իրականացնում է «Հեպատիտ Ց-ի դեմ պայքարի պարզեցված մոդելի ներդնում Հայաստանում» ծրագիրը, որն աջակցում է հեպատիտ C-ի բուժման մատչելիությանը` մատուցելով «մեկ պատուհանի» ծառայություններ։ Հիվանդների թեստավորումը, ախտորոշումը և բուժումը կատարվում են մեկ վայրում և անվճար։
Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև Հայաստանի առողջապահական համակարգի կարիքներին և այն խնդիրներին, որոնց բախվում են հեպատիտ C-ով հիվանդ մարդիկ՝ ախտորոշման և բուժման փուլերում։ Ընդգծել ենք, որ նման ծրագրերը կարևոր են ոչ միայն առանձին հիվանդների առողջության համար, այլև հանրային առողջապահության տեսանկյունից՝ կանխելով վիրուսի տարածումը։ Ձեռք ենք բերել պայմանավորվածություն՝ հետագա համագործակցության և ծրագրի ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ»,-գրել է նա։