ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում 2024 թվականին գրանցվել է ընդունելության ավելի քան 11,4% աճ՝ 2023 թվականի համեմատ: Ներկայում ՄԿՈՒ համակարգում սովորում է շուրջ 45 հազար ուսանող: Նախարարը նաև անդրադարձել է արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության մասնագիտություններով պետության կողմից ներդրված ամսական 50 հազար դրամ կրթաթոշակային ծրագրին, որը, ըստ Ժաննա Անդրեասյանի, էական ազդեցություն է ունեցել ընդունելության արդյունքների վրա։
«2024/25 ուսումնական տարում վերոնշյալ ուղղություններով 988 ուսանող ընդունվել է արհեստագործական ծրագրերով. նախորդ տարվա համեմատ՝ այս թիվն աճել է ավելի քան 123%-ով: 717 ուսանող էլ ընդունվել է միջին մասնագիտական ծրագրերով՝ աճը՝ 61%: Ըստ կրթաթոշակային ծրագրի համար սահմանված կարգի՝ նշված մասնագիտություններով առաջին կուրս ընդունված բոլոր ուսանողները ստանում են կրթաթոշակ։ Սակայն հաջորդ ուսումնական տարվանից սկսած՝ կրթաթոշակ են ստանում միայն առաջադիմության որոշակի շեմ ապահովող ուսանողները»,- ներկայացրել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ավագ դպրոցների շրջանավարտների 52,3%-ը՝ ավելի քան 10 հազար շրջանավարտ, ընդունվել են բուհեր: Խոսքը վերաբերում է միասնական և ներբուհական ընդունելություններին: Նրանց մեծ մասը՝ 61%-ը, պետության կողմից վճարի փոխհատուցմամբ սովորում է բնագիտամաթեմատիկական ուղղություններով:
Պետության կողմից գերակա ճանաչված բնագիտական մանկավարժության ծրագրերով, որտեղ գործում է ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակ, 2024-2025 ուսումնական տարում բուհեր է ընդունվել 304 ուսանող՝ նախորդ ուսումնական տարում ընդունվածներից 21%-ով ավելի։ Այս քաղաքականությունը տարածվել է նաև ագրարային ոլորտի մասնագիտությունների վրա։