Հասարակություն

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի տրամադրմանը:

«298 կրթական հաստատությունների 31 հազար դասագիրք է տրվել՝ ներառյալ Վրաստանի հայկական դպրոցները: Ծրագրի ֆինանսավորման ծավալները վերականգնել են, և այս պահին ընդունվում են դասագրքերի հայտեր: Ձևավորվել է նաև առանձին էլեկտրոնային հարթակ, որտեղ բոլոր նյութերը, այդ թվում դասագրքերը՝ հասանելի են նաև առցանց»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ վերանայվել է դասագրքերի ցանկը՝ ըստ դպրոցների առանձնահատկությունների:

Նրա իրազեկմամբ՝ սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագրով նախորդ տարի մեկամյսա վերապատրաստում է անցել 14 երկրի 60 ուսուցիչ:

Նախորդ տարվա ձեռքբերումներից նախարարն առանձնացրել է հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման ծրագիրը: Ըստ նրա՝ ծրագրի նպատակն է մշակել հայերենի ստուգման չափորոշիչները և ունենալ առցանց գնահատման համակարգ՝ ստուգելու հայերենի իմացության մակարդակը:

Ներկայացվել է նաև միգրանտ ընտանիքների հայերենի ուսուցման բարելավման ծրագիրը, որով առանձին դասընթացներ են իրականացվում՝ նպաստելով նրանց ինտեգրմանը։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանել է նաև հանձնաժողովի անդամներին հարցերին՝ անդրադառնալով մի շարք այլ թեմաների: