ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել «ՀՀ քաղաքացիական դատավարության մասին» օրենսգրքում լրացումների նախագիծը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի խոսքով, ներկայում թույլատրվում է միայն նույն դատավորի վարույթում գտնվող փոխկապակցված գործերը միավորել մեկ վարույթում, սակայն չկա կարգավորում, որը հնարավորություն կտա նույն դատարանի տարբեր դատավորների մոտ քննվող գործերը միացնել մեկ դատավորի վարույթում: Դադունցը նշել է, որ նման անհրաժեշտություն հաճախ առաջանում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի առանձնահատկությունների պատճառով:
Նախագծով առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կստեղծեն ՀՀ հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված փոխկապակցված գործերը միավորել մեկ վարույթում: Ըստ Դադունցի՝ դա կնպաստի գործերի քննությանը ողջամիտ ժամկետներում և դրանց արդյունավետ լուծմանը: