Հասարակություն

Ավելի քան 6000 հեծանիվ է գնվել, ֆիզկուլտուրայի ուսուցիչները վերապատրաստվել են. նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում առողջ ապրելակերպը և ֆիզիկական ակտիվությունը խթանելու ուղղությամբ։ 

«Գիտեք՝ հինգ խոշոր մրցաշարեր ենք կազմակերպում: Նախորդ տարի դրանց մասնակցել է ավելի քան 9600 մարդ, որը 48 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի: Հատկապես կարևորում եմ, որ մենք վարչապետի գավաթի ևս երկու մրցաշարեր նախորդ տարի վերափոխեցինք դպրոցականների շրջանում անցկացվող մրցաշարերի: Խոսքը սեղանի թենիսի և հեծանվավազքի մասին է, մինչ այդ նաև դպրոցականների շրջանում էր թիմային խճուղավազքը»,- ասել է նա։ 

Անդրեասյանը նշել է, որ դպրոցականների շրջանում ավելի լայն մասնակցություն ապահովելու համար նախորդ տարի մարզերի և Երևանի համար սահմանել են նվազագույն ցուցանիշ, ըստ որի՝ յուրաքանչյուր մարզի դպրոցների առնվազն 30%-ը պետք է մասնակցի համայնքային փուլին։ Նրա խոսքով, դրա արդյունքում բավականին լավ ցուցանիշներ են ունեցել:

«Հեծանվավազքը կազմակերպելու համար ավելի քան 6000 հեծանիվներ են գնվել և բաժանվել մեր դպրոցներին, և հիմա դպրոցները շարունակում են դրանք շահագործել։ 

Ի դեպ, ֆիզկուլտուրայի ուսուցիչներին առանձին վերապատրաստել ենք, որ կարողանան ճիշտ շահագործել հեծանիվները։ Նույնիսկ սկսեցին լուրեր տարածել, թե ուսուցիչներին ստիպում ենք հեծանիվ վարել: Ես կարծում եմ՝ ոչ մեկիս չէր խանգարի ավելի առողջ ապրելակերպ վարելը, բայց կուզեմ ևս մեկ անգամ ընդգծել, որ որևէ մեկին որևէ բան չենք ստիպել»,- ասել է նա։