Հասարակություն

ԱԺ-ում հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանական պատվիրակությունը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը և Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Արման Եղոյանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը՝ այս համատեքստում կարևորելով ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Չեխիայի հետ բազմակողմ գործակցությունը: Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին զարգացումների մասին:

Մերի Գալստյանը կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: Սարգիս Խանդանյանն էլ արժևորել է հայ-չեխական խորհրդարանական փոխգործակցությունը, ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Հայ խորհրդարանականներն անդրադարձել են ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությանը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: