Հասարակություն

Անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանության հետևանքով քոլեջի ուսանողը տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 16-ամյա Լ․  Ի․-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է  քոլեջում ՝ դիմքով պատին հարվածելու հետևանքով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 11-ին ոստիկանության Ավանի բաժին է դիմել Լ․ Ի․-ի մայրը, և հայտնել է, որ իր որդուն ծեծի են ենթարկել նշված քոլեջի ուսանողներ՝ ոմն Դավիթը, Վլադիմիրը և Արմենը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 10-ին ժամը 11։30-ի սահմաններում նշված  քոլեջի հարակից տարածքում, Լ.Ի․-ի և նույն քոլեջի ուսանող, Երևանի բնակիչ 15-ամյա Վ․ Գ․-ի միջև անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Լ. Ի․-ն սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Վ.Գ․-ի հասցեին, ինչի արդյունքում վերջինս բռունցքով հարվածել է Լ. Ի․-ի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։